Եթե Երկրին տիեզերքից նայենք, չենք կարողանա հասկանալ, թե որն է վերևը, որը՝ ներքևը, որն է աջը, որը՝ ձախը: Ուրեմն ինչպե՞ս բացատրես, թե ինչը որտեղ է: Դրա համար Երկրի պատկերները ծածկել են ուղղահայաց և հորիզոնական գծերի երևակայական մի ցանցով, որն ասես մասերի է բաժանում Երկրի մակերևույթը: Այդ գծերն անվանել են միջօրեականներ և զուգահեռականներ: Դրանց ծայրերին տառեր և թվեր են գրել, որոնք հեշտացնում են մեզ հետաքրքրող վայրը գտնելը:
Պայմանական նշաններ
Քարտեզների վրա դժվար է ամեն ինչ տեղավորել: Որպեսզի քարտեզը տեղեկություն տա հատկանիշների մասին, դրանք պատկերում են պայմանական նշաններով: Ասենք՝ անտառներ, լեռներ, հանքեր և այլն: Յուրաքանչյուր քարտեզի անկյունում նշված է, թե որ նշանն ինչ է ցույց տալիս:
Քարտեզի վրա պայմանական նշաններից բացի նշում են մասշտաբը և հորիզոնի կողմերը: Եթե դեմքով կանգնեք դեպի քարտեզը, ապա արևելքը կլինի քարտեզի աջ կողմում, արևմուտքը՝ ձախում, հյուսիսը՝ վերևում, իսկ հարավը՝ ներքևում: