Սասունցի Դավիթ 2

9           Որսորդ Դավիթը

Դավիթ չըդառավ, մի կըրա՜կ դառավ։
Ճարը կըտըրված՝ Օհանը բերավ
Նետ-աղեղ շինեց ու տըվավ իրեն՝Գընա, որս անի սարերի վըրեն։
Դավիթ նետ-աղեղն առավ Օհանից,
Հեռացավ Սասմա քաղաքի սահմանից
Ու դառավ որսկան։ նաց, մի կորկում
Լոր էր սպանում, ճնճղուկ էր զարկում,
Մըթանը գընում իրեն հոր ծանոթ
Աղքատ, անորդի մի ծեր կընկա մոտ,
Վիշապի նըման, երկա՜ր, ահագի՜ն
Մեկնըվում, քընում կըրակի կողքին։
Մի օր էլ, երբ որ իր որսից դարձավ,
Պառավը վըրեն սաստիկ բարկացավ։
— Վա՜յ Դավիթ,ասավ, մահըս տանի քեզ,
Դո՞ւ պետք է էն հոր զավակը լինե՜ս։
Ձեռից ու ոտից ընկած մի ծեր կին —
Ես եմ ու էն արտն աստըծու տակին,
Ինչո՞ւ ես գընում, տափում, տըրորում,
Իմ ամբողջ տարվան ապրուստը կըտրում։
Թե որսկան ես դու — նետ-աղեղըդ ա՛ռ,
Ծըծմակա գըլխից մինչև Սեղանսար
Քու հերը ձեռին մի աշխարհ ուներ,
Որսով մեջը լի որսի սար ուներ.
Եղնիկ կա էնտեղ, այծյամ ու պախրա.
Կարո՞ղ ես — գընա, էնտեղ որս արա։
— Ի՞նչ ես, ա՛յ պառավ, էլ ինձ անիծում.
Ես ջահիլ եմ դեռ, ես նոր եմ լըսում։
Ո՞րտեղ է հապա սարը մեր որսի…
— Գընա՛, հորեղբայրդ — Օհանը կասի։

 10         Դավիթն ու Ձենով Օհանը

Հորեղբոր շեմքում մյուս օրը ծեգին
Դավիթը կանգնեց աղեղը ձեռքին։
— Հորեղբա՛յր Օհան, ինչո՞ւ չես ասել՝
Իմ հերը որսի սար է ունեցել,
Այծյամ կա էնտեղ, եղջերու, կըխտար.
Վեր կաց, հորեղբա՛յր, տար ինձ որսասար։
— Վա՜յ, կանչեց Օհան, էդ քու խոսքը չէր,
Էդ ով քեզ ասավ, լեզուն պապանձվեր։
Էն սարը, որդի՛, գնաց մեր ձեռից,
Էն սարի որսն էլ գնաց էն սարից,
Էլ չկան այծյամ, եղջերու, կըխտար։
Քանի լուսեղեն քու հերը դեռ կար,
(Է՜յ գիդի օրեր — ո՜րտեղ եք կորել),
Ես շատ եմ էնտեղ որսի միս կերել…
Քու հերը մեռավ, աստված խըռովեց,
Մըսրա թագավոր զորքեր ժողովեց,
Եկավ, մեր երկիր քարուքանդ արավ,
Էս սարի որսն էլ թալանեց, տարավ.
Եղնիկը գընաց, եղջերուն գընաց…
Մեր գիրն էլ հալբաթ էսպես էր գրած։
Անցել է, որդի, քու բանին գընա,
Մըսրա թագավոր ձենըդ կիմանա…
— Մըսրա թագավոր ինձ ի՞նչ կանի որ…
Ես ի՞նչ եմ հարցնում Մըսրա թագավոր.
Մըսրա թագավոր թող Մըսըր կենա,
Իմ հոր սարերում ի՞նչ գործ ունի նա…
Վեր կաց, հորեղբա՛յր, նետ-աղեղդ առ,
Կապարճըդ կապի՛ր, գընանք որսասար։
Ելավ Օհանը ճարը կըտըրված,
Գընացին տեսան՝ էլ ի՜նչ որսասար.
Անտառը ջարդած, պարիսպն ավերած,
Բուրգերը արած գետնին հավասար…

 11          Մարութա սարի վանք

Գիշերը հասավ, մընացին էնտեղ։
Ձենով Օհանն էր, իր նետն ու աղեղ
Դըրավ գլխի տակ, հանգիստ խըռըմփաց.
Դավիթը մնաց մտքի ծովն ընկած։
Մին էլ նկատեց, որ մութը հեռվում
Մի թեժ, փայլփլուն կըրակ է վառվում։
Էն լուսը բըռնած՝
Վեր կացավ, գնաց,
Գընաց ու գընա՜ց, բարձրացավ մի սար,
Բարձրացավ, տեսավ մի մեծ մարմար քար
Կիսից պատըռված,
Ու միջից վառված
Բըխում է լուսը պա՜րզ, քուլա-քուլա՜,
Բարձրանում, իջնում ետ քարի վըրա։
Վար իջավ Դավիթ էնտեղից կըրկին,
Վար իջավ, կանչեց Ձենով Օհանին.
— Ե՛լ, էն պայծառ լուսը մի տես։
Լուս է իջել բարձըր սարին,
Բարձըր սարին, մարմար քարին։
Ե՛լ, հորեղբայր, անուշ քընից.
Էն ի՞նչ լուս է բըխում քարից։
Ելավ, խաչ քաշեց Օհանն երեսին.
— Է՜յ, որդի՛, ասավ, մեռնեմ իր լուսին,
Էն մեր Մարութա սարն է զորավոր։
Էն լուսի տեղը կանգնած էր մի օր
Սասմա ապավեն, Սասմա պահապան
Մեր սուրբ Տիրամոր վանքը Չարխափան։
Մըշտական, երբ որ կըռիվ էր գընում,
Էնտեղ էր քու հերն իր աղոթքն անում։
Քու հերը մեռավ, աստված խըռովեց,
Մըսրա թագավոր զորքեր ժողովեց,
Մեր վանքն էլ եկավ քանդեց էն սարում,
Բայց դեռ սեղանից լուս է բարձրանում…

 12               Տիրամոր վանքի կառուցումը

Դավիթը էս էլ երբ որ իմացավ,
— Անո՛ւշ հորեղբայր, հորեղբա՛յր ասավ,
Որբ եմ ու անտեր աշխարքի վըրա,
Հեր չունեմ՝ դու ինձ հերություն արա՛։
Էլ չեմ իջնի ես Մարութա սարից,
Մինչև չըշինեմ մեր վանքը նորից։
Քեզանից կուզեմ հինգ հարյուր վարպետ,
Հինգ հազար բանվոր մըշակ նըրանց հետ,
Որ գան՝ էս շաբաթ կանգնեն ու բանեն,
Առաջվան կարգով մեր վանքը շինեն։
Գընաց Օհանը ու բերավ իր հետ
Հինգ հազար բանվոր, հինգ հարյուր վարպետ։
Վարպետ ու բանվոր եկան կանգնեցին,
Չըրը՛խկ հա թըրը՛խկ նորից շինեցին,
Առաջվան կարգով, փառքով փառավոր
Բարձըր Մարութա վանքը Տիրամոր։
Ցըրված միաբանք ետ նորից եկան,
Նորից թընդացին աղոթք, շարական.
Ու երբ շեն արավ հոր վանքը նորից,
Ձած իջավ Դավիթ Մարութա սարից։

13 Զայրացած Մըսրա Մելիքը եւ գլուխգովան Կոսբատին

Համբավը տարան Մըսրա Մելիքին.
— Հապա՜ չես ասիլ՝ Դավիթը կրկին
Հոր վանքը շինել, իշխան է դառել,
Դու օխտը տարվան խարջը չես առել։
Մելիք զայրացավ.
— Գընացե՛ք, ասավ,
Բադին, Կոզբադին,
Սյուդին, Չարխադին,
Սասմա քար ու հող տակն ու վեր արեք,
Իմ օխտը տարվան խարաջը բերեք։
Քառսուն կույս աղջիկ բերեք արմաղան,
Քառսուն կարճ կընիկ, որ եկանք աղան,
Քառասունն էլ երկար, որ ուղտեր բառնան,
Իմ տանն ու դըռան ղարավաշ դառնան։
Ու Կոզբադին առավ զորքեր.
— Գըլխի՛ս վըրա, ասավ, իմ տեր.
Գընամ հիմի քանդեմ Սասուն,
Կանայք բերեմ քառսուն-քառսուն,
Քառսուն բեռնով դեղին ոսկի,
Տեղը ջընջեմ հայոց ազգի։
Ասավ, Մըսրա աղջիկ ու կին
Պար բըռնեցին ու երգեցին.
Մեր Կոզբադին գընաց Սասուն,
Կանայք բերի քառսուն-քառսուն,
Քառսուն բեռնով ոսկի բերի,
Մեր ճակատին շարան շարի,
Կարմիր կովեր բերի կըթան՝
Գարնան շինենք եղ ու չորթան։
Ջա՛ն Կոզբադին, քաջ Կոզբադին,
Սասմա Դավթին զարկեց գետին։
Ու Կոզբադին փըքված, ուռած,
— Շնորհակալ եմ, քո՛ւյրեր, գոռաց,
Մինչև գալըս դեռ համբերեք,
Էն ժամանակ պիտի պարեք…

14       Վախկոտ Օհանը

Էսպես երգով,
Զոռով-զորքով
Գոռ Կոզբադին մըտավ Սասուն.
Օհան լըսեց՝ կապվեց լեզուն։
Աղ ու հացով,
Լաց ու թացով
Առաջն ելավ,
Խընդիրք արավ.
— Ինչ որ կուզես՝ առ, տա՛ր, ամա՛ն.
Վարդ աղջիկներ, կանայք Սասման,
Դառը դադած դեղին ոսկին,
Միայն թե գըթա մեր խեղճ ազգին,
Մի՛ կոտորիր, մի՛ տար մահու,
Վերև՝ աստված, ներքևը՝ դու…
Ասավ, բերավ շարան-շարան
Վարդ աղջիկներ, կանայք Սասման։
Ու Կոզբադին կանգնեց, ջոկեց,
Մարագն արավ, դուռը փակեց,
Քառսուն կույս աղջիկ, սիրուն, արմաղան,
Քառսուն կարճ կընիկ, որ երկանք աղան,
Քառսուն էլ երկար, որ ուղտեր բառնան,
Մըսրա Մելիքին ղարավաշ դառնան։
Դեզ-դեզ կիտեց դեղին ոսկին.
Սև սուգ կալավ հայոց ազգին։

  1. Գտի՛ր անծանոթ բառերն ու բացատրիր:

Լոր-թռչուն

Մեկնըվել-պառկել

Սաստիկ-խիստ

Տափել-տրորել

Կապարճ-նետաման

Հալբաթ- երևի, թերևս

Բուրգ-աշտարակ

Ապավեն-հենարան, հովանավոր, պաշտպան

Մշակ-հողի աշխատավորօ

Միաբան-իրար հետ համաձայն

Շարական-Եկեղեցում երգվող հոգևոր երգ

Արմաղան-գեղեցիկ

Ղարավաշ-աղախին

Խարջ-հարկ, տուրք

Մարագ-հարդանոց

  1. Վերնագրի՛ր յուրաքանչյուր հատվածը:
  1. Նկարի՛ր այն հատվածները, որոնք ամենից շատ սիրեցիր:

Մարութա սարի վանք

Մարութա սարի վանք

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s